Էկոլոգիական վարկանիշով Հայաստանը 163 երկրների շարքում 76-րդն է

Ամերիկացի փորձագետները կազմել են 163 երկրների էկոլոգիական վարկանիշը: Համաձայն դրա`Հայաստանը զբաղեցնում է 76 –րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 84-րդը: Հարավային Կովկասում ամենաբարվոք էկոլոգիական իրավիճակն արձանագրվել է Վրաստանում. վերջինս զբաղեցնում է 59-րդ տեղը, գրում է  messenger.com.ge-ն.

Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Իսլանդիան եւ Շվեյցարիան, ամենավատ իրավիճակն արձանագրվել է ԱՄԷ-ում եւ Նիգերիայում:

Վարկանիշը հաշվարկելիս` փորձագետները հաշվի են առել ջրի, մթնոլորտի վիճակը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունը:

http://www.news.am

 

Ճապոնիան շարունակում է հաշվել զոհերը. ևս մեկ պայթյուն ատոմակայանում

Երկուշաբթի վաղ առավոտյան Ճապոնիայի «Ֆուկուսիմա Դայ-իչի» ատոմակայանում վերջին երեք օրվա ընթացքում ջրածնի երկրորդ պայթյունն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 մարդ:

Ատոմակայանի պատասխանատուները հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը դեռևս մնում է թույլատրելիի սահմաններում, թեև գոյություն ունի վտանգ, որ այն կարող է բարձրանալ: Հիշեցնենք, որ ատոմակայանում բարդ իրավիճակ է ստեղծվել 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի և դրան հաջորդած ավելի թույլ ցնցումների հետևանքով: Մասնագետները փորձեր են անում սառեցնել ատոմային ռեակտորները` օգտագործելով ծովից բերված ջուրը: Ականատեսների վկայությամբ` նրանք աշխատում են արտակարգ պայմաններում:
Նշենք, որ շաբաթ օրվանից ի վեր «Ֆուկուսիմա» ատոմակայանի շրջակա բնակավայրերից արդեն իսկ տարհանվել է 180,000 մարդ:

Ճապոնիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` երկրի արտակարգ ծառայությունները փայլուն աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, աղետի հետևանքների հետ պայքարելը գրեթե անհնար է, քանի որ ցունամիների շարքը շարունակում է նոր ավերածություններ հասցնել երկրի տնտեսությանը և խլել մարդկանց կյանքերը:

Համաձայն պաշտոնական տվյալների, զոհերի թիվն արդեն անցել է 10000-ից:

http://www.epress.am

 

ԶԵՆՔ ՆԵՐԿՐՈՂ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ

Հնդկաստանը ներկրած զենքի ծավալով գլխավորել է 2006-2010 թվականների ընթացքում աշխարհում զենք ներկրող պետությունների ցանկը: Այդ մասին հայտնել էAgence France-Presseգործակալությունը, հղում անելով աշխարհի խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տվյալներին, որը կազմել է սպառազինությունների համաշխարհային շուկայի մասին զեկույց:

Ըստ այդմ, Հնդկաստանին է բաժին ընկնում սպառազինությունների մատակարարման ամբողջ ծավալի 9 տոկոսը: Նախորդ հնգամյա ժամանակաշրջանի համեմատ Հնդկաստանը սպառազինությունների իր ներկրումն ավելացրել է 21 տոկոսով: Հնդկաստան զենքի եւ սպառազինության հիմնական արտահանողը Ռուսաստանն է:, որին բաժին է ընկնում մատակարարումների 82 տոկոսը: Հնդկաստանի ռազմական գնումների 71 տոկոսը կազմում է ռազմական ավիացիան:

Սպառազինություն ներկրող երկրների ցանկում երկրորդ տեղը կիսում են Չինաստանն ու Հարավային Կորեան: Նրանց բաժին է ընկնում ընդհանուր համաշխարհային ծավալի 6-ական տոկոս: Երրորդը Պակիստանն է, որը ընդհանուր շուկայի 5 տոկոսի ներկրողն է:

Սպառազինության խոշորագույն արտահանողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որին բաժին է ընկնում արտահանվող սպառազինության 30 տոկոսը: Ամերիկյան զենքի հիմնական գնորդները Ասիայի եւ Օկեանիայի երկրներն են` ԱՄՆ վաճառած սպառազինության 44 տոկոսը:

http://www.lragir.am

Անհայտ անձինք կրակել են թուրք հայտնի երգչի վրա հեռուստաշոուի ժամանակ

Թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թատլիսեսը զինված հարձակման է ենթարկվել: Նա հրազենային վնասվածք է ստացել` վիրավորվելով գլխից: Երգչին վիրահատել են, սակայն գտնվում է ծանր վիճակում, հաղորդում է CNN Turk-ը:

Երգիչը հարձակման է ենթարկվել հեռուստաշոուի ժամանակ: Նրա ասիստենտը եւս վիրավորվել է:

Ոստիկանությունը փնտրում է հարձակվողներին, որոնք կրակ են բացել սեւ ավտոմեքենաից ու անհետացել են հանցագործության վայրից:

http://www.news.am

 

Ճապոնիայում արտակարգ դրություն է հայտարարվել ևս մեկ ատոմակայանում

BBC-ին տեղեկացնում է, որ Ճապոնիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել նաև «Օնագավա» ատոմակայանում: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ատոմակայանում ճառագայթման բարձր մակարդակ է արձանագրվելել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 8.9 մագնիտուդով երկրաշարժից հետո արտակարգ դրություն էր հայտարավել միմյանցից 12 կմ հեռավորության վրա գտնվող «Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմակայաններում։ Որոշ ժամանակ անց Ֆուկուսիմայի ատոմակայանի առաջին ռեակտորում պայթյուն էր գրանցվել։

«Agence France-Presse» գործակալությունը հաղորդել էր,  որ ատոմակայանի շուրջը ռադիացիայի մակարդակը 20 անագամ բարձրացել է։

http://www.7or.am

 

Ձերբակալվել է ՀԱԿ ներկայացուցիչ Սամսոն Խաչատրյանը

Լրատվամիջոցների տեղեկացմամբ մարտի 13–ին Երևանի Դինամո մարզադահլիճի մոտ դիմակավորված անձինք հարձակվել են հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն ՀԱԿ անդամ Սամսոն Խաչատրյանի վրա, նրան մտցրել մեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

Հայտնի է դարձել, որ Սամսոն Խաչատրյանի հետ են եղել ևս երկու հոգի, Պողոս Տռմզյանը և Միսաք Հովակիմյանը: Նրանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել:
Ինչպես պարզվել է հետագայում, Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է: Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանի տեղեկացմամբ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը կասկածվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:
Սամսոն Խաչատրյանին բերման են ենթարկել այս տարվա մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ։

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա մեկ ժամվա ընթացքում։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից։

7or.am

 

Հայը, ադրբեջանցին և դաղստանցին բռնվել են կեղծ թղթադրամների վրա

Ռոստովի շրջանի ներքին գործերի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ Ռոստովում խոշոր չափի կեղծ ռուբլիների իրացում է նախապատրաստվում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահներին հաջողվել է կեղծարարների հետքին ընկնել: Պարզվել է, որ հանցավոր ծրագրի իրականացնողները Հայաստանի, Ադրբեջանի և Դաղզստանի քաղաքացիներ են:

«Մեզ հաջողվեց կեղծ թղթադրամներ մի քանի ստուգողական գնումներ կատարել: Նրանք վաճառում էին կեղծ թղթադրամը արժեքի 40 տոկոսով»,- հաղորդել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Վերջին 50 հազար կեղծ թղթադրամների գնման ժամանակ իրացնողներին բերման են ենթարկել: Եռյակի մոտ  80 հազար կեղծ ռուբլի են հայտնաբերվել:

Իրավապահների տվյալների համաձայն, այդ գումարները նրանք բերել են Հյուսիսային Կովկասի հանրապետություններից մեկից:

Ներկայումս կասկածյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ադրբեջանի քաղաքացին մեկ դատվածություն ունի գողության համար:

http://www.epress.am