Գլխավոր > Լուրեր Հայաստանից > Բողոքի ակցիա Գյումրիում. Վարորդների բողոքը վերաբերում է վրացական համարանիշերով մեքենաների մաքսազերծմանը

Բողոքի ակցիա Գյումրիում. Վարորդների բողոքը վերաբերում է վրացական համարանիշերով մեքենաների մաքսազերծմանը

Շիրակի մարզում արդեն մի քանի օր է` բողոքի ակցիաներ են անցկացնում իրենց մեքենաները վրացական համարանիշերով շահագործող գյումրեցի վարորդները: Նրանց դժգոհությունը վերաբերում է ՀՀ մաքսային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությանը, որն արգելում է երկրի քաղաքացիներին մեքենաները գրանցել Վրաստանում եւ ժամանակավոր ներմուծման ռեժիմով դրանք շահագործել Հայաստանում` մեկ ամսից ավել տեւողությամբ:

Գյումրեցի վարորդները դժգոհում են, որ մաքսազերծման արժեքն ավելի թանկ է, քան մեքենայի գինը: Երկու օր առաջ`փետրվարի 5-ին, մի խումբ բողոքավորներ, հավաքվել էին Շիրակի մարզպետարանի առաջ, փակել մարզպետարանի դիմացի` Գարեգին Նժդեհի ճանապարհը,  պահանջելով, որ իրենց ընդունի Շիրակի մարզպետը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը,  բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել է փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը եւ փորձել հասկանալ նրանց հուզող խնդրի էությունը: «Նրանք ասացին, թե անհամատեղելիություն կա ԱԺ կողմից ընդունված օրենքի եւ դրա կատարման ժամկետների հետ, խնդիրներ կան նաեւ ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված: Նրանց խելոք ձեւով բացատրեցին, որ սխալ են արել, որ ճանապարհ են փակել, որ դա հարցի լուծում չէ, եւ պայմանավորվեցին գալ երկուշաբթի` փետրվարի 7-ին եւ այդ օրը նրանց կընդունի մարզպետը»,-նշեց մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետը:

Ըստ պայմանավորվածության` այսօր` փետրվարի 7-ին, բողոքի ակցիայի մասնակիցները պետք է կրկին այցելեին մարզպետարան` հանդիպելու մարզպետին, սակայն, Սամվել Գրիգորյանի խոսքով, անսպասելի  հայտարարել են, թե չեն պատրաստվում գնալ մարզպետի մոտ, որպեսզի «հանկարծ իրենց չհամոզեն ձենները կտրել»:

«Էդ ինչ պիտի համոզինք»,-տարակուսեց Գրիգորյանը`միաժամանակ  հավելելով, որ ցուցարարները պահանջել են, թե «թող մարզպետը իջնի փողոց ու հանդիպի մեզ»:  Ինչեւէ, ըստ Գրիգորյանի, «գտնվեցին խելացի մարդիկ», ովքեր հանդիպեցին մարզպետին եւ ներկայացրին իրենց բողոքը: «Մարզպետի հետ զրույցում նրանք եկան եզրակացության, որ կարելի էր փողոց փակելու փոխարեն, սիրուն ձեւով ստորագրահավաք կազմակերպել, դիմել ԱԺ նախագահին կամ կառավարությանը, ՀՀ նախագահին եւ ասել, որ ճիշտ է, ընդունվել է օրենքը, բայց ելնելով սոցիալական վիճակից, օրենքի կատարման ժամկետը հետաձգել»,-նշեց քաղաքապետարանի մեր զրոցակիցը: Նրա խոսքով` մարզպետը բանակցել է իրեն այցելած ցուցարարներից հինգի հետ, եւ նրանց բացատրել, որ կառավարությունում տեղյակ են իրենց հուզող խնդրին: Իսկ այդ ընթացքում մարզպետարանի դիմացի փողոցը փակած մյուս ցուցարարները ցրվել են: «Թե ինչ տեղի ունեցավ, ուր գնացին, եւ ինչ հետագա քայլեր կանեն, չեմ կարող ասել»,-նշեց Գրիգորյանը: Նա նաեւ հավելեց, որ Շիրակի մարզպետը գյումրեցի վարորդներին հուզող խնդրի մասին լրացուցիչ անգամ կբարձրաձայնի կառավարության առաջիկա նիստի ընթացքում:

Իսկ մինչ այդ գյումրեցի վարորդները  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին,  որ եթե կառավարությունը հետամուտ չլինի իրենց դժգոհությանը, իրենք կդիմեն ավելի կոշտ միջոցների եւ իրենց բողոքը կտեղափոխեն Երեւան` կառավարության շենքի առաջ:

http://www.news.am

  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել մեկնաբանություն