Պահոց

Archive for 2011թ Փետրվարի

Լիբիայի ընդդիմությունը պատրաստ է գրոհել Տրիպոլին

Լիբիայի ազգային խորհրդի նախագահ, արդարադատության նախկին նախարար Մուսթաֆա Մուհամեդ Աբդել Ջալիլը հայտարարել է բրիտանական Sky News հեռուստաընկերությանը, որ ընդդիմադիրները պատրաստվում են գրավել երկրի մայրաքաղաք Տրիպոլին:
Տրիպոլին դեռևս գտնվում է Մուամար Քադաֆիի համախոհների վերահսկողության տակ:
Ապստամբները շարժվում են Տրիպոլիի ուղղությամբ` միաժամանակ տարբեր բնակելի տարածքներ գրավելով: Ընդդիմությունն արդեն ղեկավարում է ոչ միայն Լիբիայի ողջ արևելքը, այլ նաև երկրի հարավն ու կենտրոնի մի շարք շրջաններ:
Մուսթաֆա Մուհամեդ Աբդել Ջալիլի խոսքով` երբ Տրիպոլիի բնակիչները հաղթեն «ճնշողներին», Մուամար Քադաֆիի իշխանությունը կտապալվի: Ինչպես հաղորդել է նախկին նախարարը, եթե տեղի ապստամբների ուժը չբավարարի Քադաֆիին պաշտոնանկ անելու համար, նրանց օգնության կհասնեն զինված ընդդիմադիրները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մեզ ընդամենը անհրաժեշտ է Լիբիայի օդային տարածքը դարձնել անանցանելի` Քադաֆիի համար կռվող վարձկանների մուտքն արգելափակելու համար»,-ասել է Ջալիլը: Միաժամանակ, նրա խոսքով` լիբիական ընդդիմությունը անհնարին է համարում այս հարցում միջազգային հանրության հնարավոր միջամտությունը:
«Ցանկացած միջամտություն հետ կմղվի առավել մեծ թափով», – հայտարարել է նա:
Երկուշաբթի շարունակվում են ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև ընթացող արյունահեղ բախումները: Երկրում սով է սկսվում, զինվորականները չեն թույլատրում, որ  հումանիտար օգնության բեռնատարները մուտք գործեն երկիր:
Տրիպոլիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Զավիյահ քաղաքը ներկայուս ռազմական շրջափակման մեջ: Բնակիչներից մեկը պատմել է, որ զինվորականները թույլ չեն տալիս անգամ բժիշկների մուտքը քաղաք և սա այն դեպքում, երբ տասնյակ վիրավորներ բժշկի կարիք ունեն:
Advertisements

Ամբողջովին կամ մասնակի կասեցվել է մի շարք ոչ պետական բուհերի լիցենզիաների գործողությունը

Կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստում ամբողջովին կամ մասնակի կասեցվել են մի շարք ոչ պետական  բուհերի լիցենզիաների գործողությունը:

Փետրվարի 24-ին կայացած այդ նիստում քննարկվել են ոչ պետական 24 բուհերի լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկությամբ կայացված որոշման հիմքով  ՀՀ կրթության եւ գիտության նախարարի համապատասխան հրամաններով.

Ամբողջովին կասեցվել են`«Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայի» եւ Հայաստանում «Գերմանական համալսարանի» լիցենզիաների գործողությունը:

Մասնակի կասեցվել են`

«ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարանի» լիցենզիայի գործողությունը` մագիստրոսի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Լրագրություն», «Օտար լեզու եւ գրականություն» մասնագիտությունների մասով,

Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի» լիցենզիայի գործողությունը` բակալավրի եւ մագիստրոսի որակավորման աստիճաններով, առկա ուսուցմամբ, «Կիրառական մաթեմատիկա» եւ «Աշխարհագրություն» մասնագիտությունների մասով.

Դադարեցվել է`

Երեւանի «Ալաշկերտ» համալսարանի» լիցենզիայի գործողությունը:

Հանձնաժողովը ի գիտություն է ընդունել.

«Ռոսլին» արվեստի ինստիտուտի» եւ «Երեւանի Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարանի» միացումը «Հայբուսակ» համալսարանին»:

Մի շարք ԲՈՒՀ-երի տրվել է նախազգուշացում ստուգման արդյունքում արձանագրված շտկելի խախտումները վերացնելու եւ արդյունքների մասին հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ներկայացնելու համար:

http://www.news.am

Մահացել է դերասանուհի Աննի Ժիրարդոն

Փետրվարի 28-ին, Փարիզի իր տանը 80 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Աննի Ժիրարդոն: Վերջին տարիներին դերասանուհին տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, որը ախտորոշվել էր 2006թ., եւ գրեթե լիովին կորցրել էր հիշողությունը:

Իր կարիերայի ընթացքում, որ սկսվել էր 1950-ականների կեսերին, Աննի Ժիրարդոն նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում: Նա աշխատել է հեռուստատեսությունում, թատրոնում, ձայնագրել երաժշտական ալբոմներ: Նա նկարվել է «Ռոկկոն եւ իր եղբայրները», «Մահանալ սիրուց», «Դաշնակահարուհին» ֆիլմերում:

1965թ. Ժիրարդոն ճանաչվել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն դերասանուհի` «Երեք սենյակ Մանհեթթենում» ֆիլմի համար:

Դերասանուհին երեք անգամ արժանացել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի: Աննի Ժիրարդոյի մասնակցությամբ վերջին ֆիլմերն էկրան են բարձրացել 2007թ.:

http://www.news.am

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը:

2800-ից բարձր վարկանիշ ունեն միայն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը:

Երկրների դասակարգման աղյուսակում Հայաստանը 4-րդն է` զիջելով Ռուսաստանին, Ուկրաինային եւ Չինաստանին:

http://www.news.am

 

Կիեւում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել

Փետրվարի 26 –ին Կիեւի «Ռեվոլյուցիա» կինոթատրոնում ցուցադրվել է Ատոմ Էգոյանի «Արարատ « ֆիլմը:  Մինչ ցուցադրությունը` Analitika կենտրոնի փորձագետ Երվանդ Երվանդյանը պատմել է Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության մասին, որին նվիրված է ֆիլմը, ինչպես նաեւ արդեն քսաներորդ դարի վերջին Բաքվում, Սումգայիթում եւ Մարաղայում հայերի ջարդերի մասին:

Analitika.at.ua-ի փոխանցմամբ` փորձագետը ներկայացրել է նաեւ  փաստագրական ֆիլմեր` «Սովորական ցեղասպանություն» շարքից` Բաքու,  Սումգայիթ, Մարաղա,  որոնցում բացահայտվում են փաստեր` 1988-1992թթ. իրադարձությունների մասին, երբ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը ենթարկվում էր սարսափելի կոտորածների եւ բռնագաղթի:

Քննարկվել են նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ Գոլոդոմորին վերաբերող հարցեր: Միջոցառմանը ներկայացվել է նաեւ ադրբեջանական քարոզչության բացահայտմանը նվիրված xocali.net ինտերնետային նախագիծը:

http://www.news.am

 

Քադաֆին վերջին ժամերն է ապրում. Լիբիայի առաջնորդի արարողակարգի նախկին պետ

Լիբիայի առաջնորդը գործնականում մնացել է առանց կառավարող համախոհների, եւ ընդդիմադիրները շուտով հաղթանակի կհասնեն: Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Մուամար Քադաֆիի արարողակարգի ծառայության նախկին ղեկավար Նուրի ալ Միսմարին, ով գտնվում է Ֆրանսիայում:

 

 

 

 

 

Զինվորական սպաների, ոստիկանության ղեկավարների եւ դիվանագետների զանգվածային հրաժարականների մասին հաղորդագրությունների ֆոնին ալ Մասմարին հայտարարել է, որ Քադաֆին քիչ մարդիկ ունի, որոնց վրա կարող է հենվել, իսկ նա ոչ ոքի չի վստահում: «Հիմա Քադաֆին բացարձակապես մենակ է: Նրա շրջապատում են միայն որդիները եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հանցագործություններ են գործել եւ ռեժիմի անկումից հետո վախենում են դատվելուց»,-ասել է ալ Մասմարին:

Նրա խոսքով` Քադաֆին վերջին ժամերն է ապրում, եւ առաջիկայում ընդդիմադիրները հաղթանակի կհասնեն:

http://www.news.am

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ Էրբաքանը

Թուրքիայի նախկին վարչապետ, հայտնի քաղաքական գործիչ, «Բարգավաճում» (Saadet) կուսակցության առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը 85 տարեկան հասակում մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում։

Թուրքիայի քաղաքական կյանքում մեծ հետք թողած Էրբաքանը ծնվել էր 1926-ի հոկտեմբերի 26-ին Սինոպում։ 1948-ին ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանը, որտեղ եւ շարունակել է աշխատել։ 1969-ին մտել է խորհրդարան եւ 1970-ին ստեղծել է «Ազգային կանոնադրություն» կուսակցությունը (MNP), որը փակվել է 1971-ի ապրիլին։

1972-ին ստեղծված «Ազգային փրկություն» կուսակցությունը (MSP) Էրբաքանի գլխավորությամբ 1973-ին 51 պատգամավորով անցել է խորհրդարան։ Էրբաքանի կուսակցությունը կոալիցիա է կազմել «ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) հետ, իսկ ինքը դարձել փոխվարչապետ։

1978-ից մինչեւ 1980-ի ռազմական հեղաշրջումը Էրբաքանի կուսակցությունը մնացել է ընդդիմության շարքերում եւ միայն 1987-ի հանրաքվեով ստացել քաղաքականությամբ զբաղվելու իրավունք եւ հենց այդ տարում ընտրվել «Բարօրություն»  (Refah partisi) կուսակցության նախագահի պաշտոնում։ Նա 1991-ին եւ 1995-ին անցել է խորհրդարան, իսկ 1996-ին դարձել վարչապետ՝ կազմելով կոալիցիա «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ (DYP):

Թուրքիայի այն ժամանակվա գլխավոր դատախազ Վուրալ Սավաշը 1997-ին դիմել է Սահմադրական դատարանին՝ Էրբաքանի կուսակցությունը փակելու եւ նրան եւ մի շարք կուսակցականների արգելելու զբաղվել քաղաքականությամբ։   Թուրքիայի ՍԴ-ն 1998-ի հունվարին փակեց  «Բարօրություն» կուսակցությունը, իսկ Էրբաքանին արգելեց 5 տարի զբաղվել քաղաքականությամբ։

5 տարի ժամանակահատվածը լրանալուց հետո Էրբաքանը 2003-ին ընտրվում է «Բարգավաճում» կուսակցության առաջնորդի պաշտնում, սակայն 2004-ին ստիպված եղավ հեռանալ այդ կուսակցությունից, քանի որ դատապարտվեց «Կորած տրիլոն» գործով։ Անկարայի «Նումանե» հիվանդանոցից տրված տեղեկանքի հիման վրա դատարանը հաշվի է առել նրա առողջական վիճակ եւ պատիժը փոխարինել տնային կալանքով։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008-ի օգոստոսի 19-ին ներում է շնորհել Էրբաքանին։

Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանկին եղել են Էրբաքանի կուսակցության անդամներից։ Էրբաքանը մշտապես նշել է, որ Էրդողանն ու Գյուլը քաղաքականության մեջ իր աշակերտներն են։

«Աբդուլլահ Գյուլը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մաքուր երեխաներ են, սակայն սխալ քաղաքականություն են վարում։ Նրանք տոն օրերին ինձ զանգահարում են»,-նշել էր Էրբաքանը ՝ 2010-ի դեկտեմբերին թուրքական Vatan-ի հետ հարցազրույցում։

http://www.news.am